38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փոստը

Փոստը
13.04.2012 | 00:00

Այսպիսի քաղաք և այսպիսի մարդ ո՛չ եղել են, ո՛չ էլ կլինեն։ Մեկի անունը՝ Երևան, մյուսինը՝ Ստեփան. պճնամոլ են, բայց ցուցադրելու ոչինչ չունեն. գաղտնապահ են՝ գաղտնիք չունեն. ինչ ունեն-չունեն՝ լեզվի ծայրին է. իրենք չոռ ու ցավ են ուտում, օտարին աղ ու հացով են դիմավորում։ Հեռվից հրեշտակ են, մոտիկից՝ սատանա. մեկն իր արարած աղբից է ամաչում, մյուսը՝ իր գրածից. Փարիզին ու Տոլստոյին հավան չեն, բայց ինչ-որ համբակի երկինք են հանում։ Ընտանիքներ, իհարկե, ունեն, բայց ընտանիքները իրենց չունեն. տալիս-առնում են, բաժանում-հավաքում են, սևին՝ սպիտակ, սպիտակին սև են ասում. ով երբ ուզի՝ երկուսին էլ ասպատակում է։ Այսպիսի քաղաք և այսպիսի մարդ՝ ինքնահռչակ ազատականներ ու անկախականներ՝ չտեսան պատից կախ, տեսան... առկախ։ Ով ում ուզի և երբ ուզի՝ արուն` արուին, և էգը՝ էգին, տնվորները՝ տանտերերին, և աշակերտները՝ ուսուցիչներին։ Եվ մի երգ է թևածում երկնքում. «Ինչ որ ունեք, տվեք մեզ, մենք էլ ուտենք, օրհնենք ձեզ»։

Խե՜ղճ Ստեփան, խելքը հացի հետ կերել է, տնից դուրս ընկել ու այսպիսի քաղաքում աշխատավարձ է փնտրում։ Այնպիսի աշխատանք է փնտրում, որ իր ազատությանը չվնասի, ղեկավար չունենա կամ էլ, ունենալու պարագայում, չղեկավարվի։ Աշխատասենյակով աշխատանք, որ տղերքը ազատ ելումուտ անեն, ասեն-խոսեն, ծխեն-փչեն, մի երկու բաժակ ծնգացնեն։ Հրեն, տղերքից մեկը նախարար է, մյուսը՝ սուպերնախարար։ Կարո՞ղ են, չէ՞, մի այնպիսի աշխատանք առաջարկել, որ Ստեփանն ընտանիք պահելու խնդիր չունենա, ղեկավարվելու ու գրից-բաժակից կտրվելու խնդիր չունենա, մի այնպիսի գործ, որ համ իրեն լավ լինի, համ էլ գործ տվողին խայտառակ չանի։ Ասենք՝ գերեզմանոցի պահակ կամ տնօրեն։ Հանգուցյալների հետ հեշտ է, պահանջկոտ ու կռվազան չեն ու փող են ցփնում։ Իրենք սովից մեռնում են, որ հետո Ստեփանին կշտացնեն, եթե, իհարկե, գործը գլուխ գա։ Մի ուրիշ տարբերակ էլ կա, չնայած խելքին մոտ չէ. կարելի է ջնջել ու նորից սկսել։ Ասենք թե` պատերազմ չի եղել, պատերազմից առաջ էլի պատերազմ չի եղել, դրանից առաջ էլի չի եղել, և ազգը, որ ծնել է Ստեփանի նախապապին, ոչ թե ջարդվող է եղել, այլ ջարդարար։ Եվ պապը, որ այլևս ջարդարարի զավակ է, հորը ոչ թե որբություն է պարգևել, այլ անհոգ մանկություն, զեխ երիտասարդություն ու աշխարհը վարել-ցանելու, բերք ու բարիք ամբարելու տենչ։ Հայրը, որ այլևս որբ չէ ու հոր ամբարածը բազմապատկելու, նրա վայելքին որդիական հնչեղություն պարգևելու մտահոգությամբ է տարված, ոչխարի փոստի վրա քնած մորը տեսնելու և հավանելու խնդիր, կարծես թե, այլևս չէր ունենալու և հետագայում, իր գերությունը Սիբիրում առոք-փառոք մարսելուց հետո, անընդհատ չէր կրկնի. «Փոստը, տղա ջան, փոստը աչքերս կուրացրեց»։ Մայրն էլ հոր անտերությունից ու սիբիրյան տառապանքներից փնովքի ու նզովքի կարկուտ չէր սարքի հոր գլխին։ Կարելի է ջնջել և նորից սկսել. ասենք թե` մայրը ոչխարի փոստին խոնջացող այն գեղջկուհին չէ, այլ ֆրանսիացի կամ գերմանացի կալվածատիրոջ դուստր, որը գերողների ու գերվածների խառնիխուռն ընտրանու մեջ փնտրում է նրան, ով իր ծնողների կալվածքին ու իր փթթող մարմնին տիրություն անելու արժանիքներ կունենա։

Ոնց էլ ջնջում և սկսում էր Ստեփանը, արանքից դուրս էր պրծնում։ Իր փոխարեն ծնվում էր մեկ ուրիշը, ջարդողի կամ ջարդվողի, գերողի կամ գերվողի զավակ, ում մասին խոսելու բարոյական իրավունք ինքը չունի, այն պարզ պատճառով, որ ինքը չկա։ Այնպես որ, ջնջելու և նորից սկսելու այդ հիմար սովորությունից, հենց այս պահին, երբ նախարար և սուպերնախարար ընկերների պատմական գաղափարը հղացավ, հրաժարվում է։ Իր սիրուն մայրիկը թող գնա և ոչխարի փոստին պառկի, նրանից կալվածատիրոջ դուստր ուզես էլ, չես կարող հղանալ, հայրն էլ թող իր որբության ու գերության վերմակի մեջ պինդ փաթաթվի ու կնոջ հոգին իր անհամ կատակներով հանի. «Փոստը, ա՜խ այդ փոստը»։ Նա, ով իր կյանքը ջնջելու և նորից սկսելու հիմար ցանկությամբ է վարակվում, թող մի պահ հիշի, որ աշխարհում առատաձեռն հանգուցյալներ կան, որոնք կարգին տղերքին տիրություն են անում իրենց խնայողությունների հաշվին, կարգին նախարարներ ու սուպերնախարարներ կան, որոնք իրենց սիրասուն ընկերների համար գերեզմանոցի պահակի կամ տնօրենի երանելի պաշտոն-հոգեպահուստը ունեն։ Աստված մեր ծնողների հոգին լուսավորի, նրանք արարչի տվածից ոչինչ չպակասեցրին՝ եղած-չեղածը մեզ տվեցին, աղը՝ շատ, կերը՝ քիչ։ Հանգուցյալներին թողնելով որպես հոգեպահուստ, Ստեփանը որոշեց համտեսել աշխատանք ճարելու բոլոր քաղաքակիրթ եղանակները՝ ապավինելով գրիչ շարժելու իր տաղանդին և լրագրողական աշխարհում իր երբեմնի պատիվ-հարգանքին։ Ծանոթ ելումուտերով հայտնվեց նախկին կուսակցական թերթի գլխավոր խմբագրի ընդունարանում։ Անծանոթ, ժրաջան երիտասարդներ էին լույս աշխարհ եկել, ովքեր, այբուբենը յուրացնել-չյուրացնելուն պես, հայտնել էին հին աշխարհը քանդելու, նախկինների ստրկական մտածողությունը փշրելու իրենց պատրաստակամության մասին։

-Անկախ Հայաստանին կախյալ մարդիկ պետք չեն,- Ստեփանի մտադրության մասին լսելուց հետո հայտարարեց խմբագիրը։- Ձեզ նկատի չունեմ։

-Մարդը մարդ է,– ասաց Ստեփանը,- եթե կախես,՝ կդառնա կախյալ։

-Ո՞վ ես,- հարցրեց խմբագիրը։

-Այսի՞նքն։

-Մերոնցի՞ց ես։

-Չէ, մերոնցից եմ։

-Դաշնա՞կ ես,- դեմքը թթվեցրեց խմբագիրը։

-Չէ, մերոնցից եմ։

-Անկախակա՞ն ես...

-Չէ,– ասաց Ստեփանը,- յուրային եմ։

Խմբագիրը դիմեց աշխատակիցներին.

-Ճանաչո՞ւմ եք, ո՞վ է։

-Գրող է,- ասաց աշխատակիցներից տարեցը։

-Լավ է, որ գրող է, ես հարցնում եմ՝ ո՞վ է։

Տարեց աշխատակիցը ուսերը թոթվեց։ Երիտասարդներից մեկը, ում սրտով չէր այս երկխոսությունը, ասաց.

-Անունը Ստեփան է, ազգանունը՝ Երանյան։

Ստեփանը զգաց, որ իր առաքելությունն ավարտված է և հեգնախառն ժպիտով ասաց.

-Իսկ դո՞ւ ով ես։

-Ե՞ս,- զայրացկոտ ասաց խմբագիրը։

-Դո՛ւ, դաշնա՞կ ես, թե՞ անկախական։ Գուցե մերոնցի՞ց ես։

-Պարոն...

-Երանյան,- հուշեց Ստեփանը։

-Պարոն Երանյան, մեր խոսակցությունն ավարտված է։ Ազատ հաստիք չունենք։

-Գիտե՞ս, թե ձեզ նմանների մասին ինչ էր ասում միջնադարի մի հայ վանական,- մինչ աշխատասենյակը լքելը ասաց Ստեփանը։

-Չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ։

-ՈՒրեմն էս միջնադարի հայ վանականն ասում էր. «Եթե ձեր առջևից քայլեմ, ինձ կհոշոտեք, թե հետևից քայլեմ, քացի կտաք»։ Հասկացա՞ր, թե առակս ինչ կցուցանե։

Աշխատանք ճարելու Ստեփանի առաջին փորձն անփառունակ ավարտ ունեցավ։ Այլ կերպ ասած՝ թքեց փայտիկին։ Անկախ Հայաստանի բոցաշունչ խմբագրի քիմքին չեկավ։ Ընդհանրապես քչերն են նրան հավանում։ Գրել-մրելու շնորհ-մնորհի մասին չէ խոսքը, այլ տեսակի։ Բերանը բացուխուփ չարած, մեկ էլ մի թթու բառ, կամ հեգնանքի կայծ թռչում ու դիմացինին տրամադրում է իր դեմ։ Ոնց որ մոծակը կծի։ Ասենք, ժամադրության է շտապում ու ձեռքին ժամացույց չունի, մոտենում է մի հարգարժան պարոնի ու հարցնում. «Ներեցեք, ժամը քանի՞սն է»։ Վարվելակերպի ընդունված կանոններին համահունչ նրա հարցն այնպիսի շեշտադրությամբ ու առոգանությամբ է հնչում, որ դիմացինն իր պատիվը վերականգնելու համար դիմում է համապատասխան միջոցների։ Մեկը, օրինակ, պատասխանեց. «ՈՒշ է, բայց ոչ այնքան»։ Կիրթ մարդ էր, մյուսների պես բռունցքների օգնությանը չդիմեց։ Ի՞նչ անի, չշփվի՞ մարդկանց հետ։ Իր պես վառոդ կուլ տված մարդուն ո՛չ դաշնակն է սիրում, ո՛չ էլ նույնիսկ (սատանի ականջը խուլ) ՀՀՇ-ն։ Ոչ մի կուսակցական կաղապարի մեջ իր տեսակը չտեղավորվեց։ Ոչ այն բանի համար, որ ինքը լավն էր, նրանք՝ վատը։ Չի էլ կարծում, որ նրանք իրենից լավն են։ Շատ հնարավոր է, որ իր, գերությունը մարսած և ապագա գերությունը դեռևս չգիտակցող մարդու և ոչխարի փոստի վրա պառկած գեղջկուհու անակնկալ հանդիպումից հենց այս տեսակ մարդիկ են ծնվում։ Փոստը, ա՜խ այդ փոստը, եթե հոր աչքերը չկուրացներ, յուրայինից ու թշնամուց հավասարաչափ մերժված մարդու իր տեսակը հանճարեղ վեպի էջերից, գլուխկոնծի տալով, կյանք չէր ընկնի ու անցնող-դարձողի վրդովմունքը չէր հարուցի իր անդուր ձայնով. «Ներեցեք, ժամը քանի՞սն է», լսողն էլ չէր հակադարձի. «Հենց էլ, մկների ամիսն է»։

-Աշխատա՞նք,- զարմացավ զինվորական թերթի խմբագիրը,- մեզ մոտ աշխատանք չկա, ծառայություն է։

-Կաշխատեմ լավ ծառայել,- բառախաղ արեց Ստեփանը,- գրելուց վատ չեմ։

-Գիտե՞ս, որ պատերազմ է,- փոխգնդապետի իր ուսադիրները ցուցադրելով` ասաց խմբագիրը։

-Եթե զոհվեմ, կիմանամ։

-Եթե զոհվես, այլևս չես կատակի։

-Կրակել չգիտեմ,- ասաց Ստեփանը,- բայց սասունցի եմ։

-Եթե կրակել չգիտես, վատ սասունցի ես։

-Պապիս հայրը,- ասաց Ստեփանը,- Գևորգ Չավուշի հետ թուրքական բանտի նույն բանտախցում է եղել։ Նրա արձակած գնդակը յոթ ծակ անցնելով` խոցել է թիրախը։

-Տղա ջան,- ասաց փոխգնդապետը,- յոթ սասունցու եմ ճանաչում, յոթի նախապապն էլ Չավուշի հետ նույն բանտախցում է եղել։

-Չե՞ս հավատում։

-Հավատում եմ։ Յոթն էլ զոհվեցին՝ հավատացի։

-Թուրքին հինգ մատի պես գիտեմ,- ասում է Ստեփանը,- իմ կրակած բառը նախապապիս գնդակի պես յոթ ծակ անցնելով խոցում է թիրախը։

-Բառով թուրք չես սպանի,– ասաց փոխգնդապետը,- ոչ էլ ատելությամբ։

-Սիրով կսպանեմ,- խեթում է Ստեփանը։

-Ոչ էլ սիրով։

-Այնպիսի բան կգրեմ, որ հայերը սիրեն իրենց ազատագրական պատերազմը, սպարապետի ուզածի պես։

-Պատերազմը սիրելու բան չէ,- ասաց փոխգնդապետը,- գործ է, որ պետք է արվի։

-Ոչ սեր, ոչ էլ ատելություն, էլ ի՞նչ պատերազմ,- ասում է Ստեփանն ու արթնացնում իր միջի մոծակին,- գուցե միջոցառո՞ւմ է. ծափ, ծնծղա ու «պտիչկա»՝ էս գործն էլ արեցինք, փա՜ռք Աստծո։

-Էդ քո ասածը կա,- ասաց փոխգնդապետը,- պատերազմից հետո հենց էդպես էլ անում են։ Սկզբում զոհվածներին են հաշվում՝ «պտիչկա» դնում, հետո նրանց, ովքեր չեն զոհվել՝ «պտիչկա»։ Հետո գալիս են ծափն ու ծնծղան...

Ինչ ճիշտն է՝ ճիշտը. փոխգնդապետը Ստեփանի դուրը եկավ։ Ա՜յ նրա հետ կարելի է աշխատել, ներողություն՝ ծառայել։ Կարելի է առաջին գծից տաք-տաք ռեպորտաժներ ուղարկել, Հեմինգուեյն էլ այդպես է սկսել։ Կարելի է նույնիսկ զոհվել։ Ի՞նչ կփոխվի դրանից, մի մարդ ավելի կամ պակաս։ Իր անվան դիմաց էլ մի լավ «պտիչկա» կդնեն։ Կինը հպարտանալու բան կունենա։ Հետո էլ բարով-խերով մի լավ ամուսին ձեռք կգցի ու... եղել է, չի եղել, մի Ստեփան է եղել։ Էս Ստեփանը ավելի լավ բան, քան զոհվելն էր, չկարողացավ անել իր կյանքում։ Ա՜յ, եթե ապրե՜ր, ի՜նչ Թումանյան, ի՜նչ Բակունց...

-Լավ տղա ես երևում,- ասաց զինվորական խմբագիրը,- չեմ ուզում, որ ութերորդ սասունցին դառնաս։ Սասունցիք սպանող ժողովուրդ չեն, մինչև ասեն. «Հե՜յ թուրք, եկել եմ քեզ սպանեմ», կզոհվեն։

-Ասել է` աշխատանք չունես ինձ համար,- համոզված հայտարարում է Ստեփանը։

-Ծառայությո՛ւն,- ասաց փոխգնդապետը,- կա, բայց դուք ծառայող ժողովուրդ չեք. լավ կռվում եք, վատ՝ ծառայում։

-Գիտե՞ք, թե ինչ է ասել միջնադարի մի հայ վանական։

-Ինչ էլ ասած լինի,- ձայնը ցածրացրեց փոխգնդապետը,– մեր պատերազմին օգուտ չի տա։

-Ճիշտ այդպես,- ասաց Ստեփանը,- օգուտ չի տա։

Տե՛ր Աստված, Ստեփանին ասա, թե քո սրտի ուզածն ինչ է։ Ազգ ենք, էլի, մեր լավով ու վատով։ Տես ի՜նչ սիրուն աղջիկներ կան, ի՜նչ տղերք են... Մատդ շարժես՝ Ռուսաստանի դաշտերը մեկ օրվա մեջ կհերկեն, Վրաստանի չբերությանը վերջ կտան, Հնդուստանի միլիարդի միջից կպեղեն իմ և քո սիրած-ատած ջհուդներին ու մատների փուշը կհանեն։ Էլ բան ու գործ չունե՞ս, սարքել ես մեզ պառավի ուլ. վերևից խփում ես, ներքևից խփում ես, աջից-ձախից խփում ես։ Փորձությո՜ւն։ Հասկացա՛նք, էլի։ Մեկը ես՝ Ստեփանս, կամ Ստյոպը (ոնց ուզում ես, էնպես էլ ասա), այլևս փորձասեղանին պառկողը չեմ։ Ինչ ասում եմ, իմ անունից եմ ասում, հայ չեմ՝ մարդ եմ, ծնվել եմ որբության ու գերության վերմակի մեջ փաթաթված հորից և ոչխարի փոստին պառկած մորից։ Իհարկե, դուրդ չեկա, քո բարեգութ ձեռքը միայն թագաժառանգներին է հասնում։ Մի խեղճ-կրակ հարևանուհի ունեինք, ձեռքերը դեպի Քեզ պարզած աղաչում էր, որ իր հիվանդ մինուճարին խնայես. «Աստված ջան, քաքդ ուտեմ, Լևոնիկիս կյանքը մի խլիր»։ Թագավորական լեզուն չգիտեր խեղճը՝ մեկ-երկու տարի հետո ինքն էլ գնաց իր մինուճարի հետևից։ Էնպես որ, Աստված ջան, ես ինձ համար, Դու քեզ համար՝ ինչքան կձգեմ, կձգեմ։ Հիմա գնում եմ նախարար ախպորս մոտ, գնում եմ հոգեպահուստս ստանամ։ Հետո ամեն ինչ կպատմեմ, Դու չլսես, աշխարհը կլսի, թե աշխարհն ականջները կողպեց, ինքս ինձ կպատմեմ։

Մինչ Ստեփանը նախարար ախպոր մոտ ընկնելու ելքերն էր վերլուծում, պատերազմից հուսադրող լուրեր հասան քաղաք։ Թե քանի հայ էր զոհվել, կիմացվի տասը տարի անց, երբ հանրապետության հաջորդ նախագահը կսկսի համադրել իր «պտիչկաները» նախորդ նախագահի «պտիչկաների» հետ։

Նախարարի ընդունարանում, ի տրիտուր հայկական ժողովրդական ասացվածքի, շունը տիրոջը ճանաչում էր։ Էն էլ ո՜նց էր ճանաչում։ Վայելուչ պարոններ՝ ձի՜գ, զգա՜ստ, գույնզգույն փողկապներով, և մի փքված տիկին՝ հնդուհավի պես իր հմայքը ցուցանող, և մի քարտուղարուհի՝ կարևորագույն գործերով քննիչի պես այցելուներին տնտղող, և մի քանի սլացիկ ջահելներ՝ ատրճանակները կողքներից կախ, և մի քանի տեսաաչքեր, որ նախարարի համար հնարավորություն էին ընձեռում դիտելու ընդունարանը... և մի Ստեփան` մաշված ջինսով ու գունաթափ բաճկոնով, որն անամոթաբար ուզում է գերզբաղված նախարարի թանկագին ժամանակից մի քանի րոպե խլել։

-Դուք ի՞նչ հարցով եք...

-Ախպերության,- քարտուղարուհուն ընդհատելով, բարձր, ամենքին լսելի ասում է Ստեփանը։

Ընդունարանը քարացած է, բայց իր քմծիծաղը չի թաքցնում։ Շվարած քարտուղարուհին այն է` սլացիկ երիտասարդների օգնությանն էր դիմելու, երբ ներսից հրավերի զանգ ստացավ։ Նախարարի ընդունելությունը հայցող այցելուները դզմզվեցին։ Քարտուղարուհին դուրս եկավ և իր շփոթմունքը չթաքցնելով ասաց.

-Պարոն Ստեփան Երանյան, նախարարը Ձեզ է սպասում։

Խե՜ղճ ընդունարան` ականջներին չհավատաց։

Նախարարը «նամարդություն» չարեց, տեղից վեր թռավ ու ընկերոջը գրկեց։

-Ո՞նց ես, Ստյոպ։

Հետո ինչ-որ կոճակ սեղմեց և ասաց. «Երկու բաժակ սուրճ, երկուսն էլ դառը»։

Հետո գնաց պահարանի մոտ ու հարցրեց.

-Կոնյա՞կ, թե՞ վիսկի։

-Թթի օղի,- ասաց Ստեփանը։

Հետո նախարարը Ստեփանին հասկացրեց, որ ամեն խմիչք իր տեղն ու ժամանակը ունի։ Ստեփանն էլ մի կերպ համաձայնեց թթի օղին փոխել վիսկիով։

Դեսից-դենից մի քիչ թրևելուց հետո, Ստեփանն անցավ բուն ասելիքին։ Նախարար-ախպորն ասաց, որ այնպիսի գործ է ուզում, որ իր ազատությանը չվնասի, տունը պահի, չղեկավարվի։

-Մի խոսքով,- ամփոփեց Ստեփանը,- այնպիսի գործ, որ համ էլ քեզ խայտառակ չանեմ։

Նախարարն ասաց.

-Արա, Ստյոպ, ես որտեղի՞ց էնպիսի գործ ճարեմ, որ ինձ խայտառակ չանես։

Հետո խնդաց, խնդմնդաց, դարակից փող հանեց ու ասաց.

-Էս կանաչները քեզ, գնա տղերքի հետ խմի։

Ստեփանը չեմուչում անելու հավես չուներ, փողը գրպանը դրեց, բարձրացավ ու ասաց.

-Նախարար ախպեր, գիտե՞ս, թե ինչ է ասել միջնադարի մի հայ վանական։

-Էս պատերազմը հորով-մորով անենք, հետո կպատմես։

Աստված ջան, եթե դու ամեն ինչ տեսնում ես, էլ ինչո՞ւ ենք մենք մեր դարդերի մասին քեզ պատմում։ Էլ ինչո՞ւ ենք քեզ աղոթում, եթե դու ամեն ինչ գիտես։ Դո՛ւ ասա, էս հինգ հարյուր ամերիկյան դոլարը ես ի՞նչ անեմ, ո՞ւմ քամակը խոթեմ, ո՞ւմ ասեմ, որ էս աշխարհից իմ ուզածը փող չէ։ Որ իմանայի, թե իմ ուզածն ինչ է, քեզ անպայման կասեի։ Էնպես որ, պայմանավորվեցինք՝ Դու քեզ համար, Ստեփանն էլ իր համար։ Էս փողի հարցն էլ ուրիշ կերպ կլուծեմ. կտանեմ կնոջս կտամ և հենց սկսի թառանչել. «Վա՜յ, էս որտեղի՞ց», կպատասխանեմ.

-Աստծու քաքի միջից գտա։

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ